Մատենադարանը հիմնադրվել է 405 թվականին, հայերեն գրերի գյուտից հետո, Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկում` Վաղարշապատում (Էջմիածին):
Հայոց արքա Վռամշապուհի հովանավորությամբ, գրչության այս հնագույն կենտրոնից են իրենց լուսավորչական գործունեությունը սկսել ու ծավալել Սուրբ Սահակ Մեծ կաթողիկոսը եւ հայ գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը: Նրանց հիմնադրած Մատենադարանը հարյուրամյակներ շարունակ Հայ Առաքելական եկեղեցու Կաթողիկոսարանում եղել է որպես Մայր Գրատուն: Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը աշխարհի հնագոյն եւ հարուստ ձեռագրատներից է: Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին եւ միջնադարյան գիտության ու մշակոյթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարահագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա-քիմիա, թարգմանական գրականություն, գրականություն, վավերագիտություն, արուեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն եւ այլն: Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն եւ այլ լեզուներով ձեռագրեր: Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզուով չեն պահպանվել եւ հայտնի են միայն հայերեն թարգմանությունները: