Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Տպագրություն
Հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (1512թ.)
Հայկական տպագրության հիմնադիր Հակոբ Մեղապարտի հուշարձանը Երևանում
Տպագիր Ավետարան (1632թ.)
Գունավոր տպագրության արտադրամաս
Տպագրությունը գրքերի, թերթերի և ամսագրերի արտադրությունն է: Ցանկացած տպագիր արտադրանք՝ ամսագրի էջ, նամականիշ, գիրք կամ պիտակ, ունենում է իր բնօրինակը: Դրանից պատրաստում են տպաձև, որից տպագրվում են հարյուրավոր, հազարավոր և նույնիսկ միլիոնավոր պատճեններ:
Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են Չինաստանում: Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրում էին բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորում հանում էր տառագծերի միջև եղած փայտը, և ստացվում էր բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը: Դրա վրա ներկ էին քսում, վրան դնում մագաղաթ կամ թուղթ ու սեղմում, և ներկը փայտից փոխանցվում էր թերթերի վրա: Նույն կերպ էին վարվում նաև պատկերափորագրության ժամանակ: Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն, տպագրվել է 868 թ-ին Չինաստանում: 
Յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշարն ստեղծել է Պի Շենը Չինաստանում` 1044–48 թթ-ին:
Եվրոպայում տպագրությունը նույնպես կատարվում էր փայտե փորագիր տախտակներից: Մարդիկ ձգտում էին ստեղծել այնպիսի տպաձև, որը կազմված լիներ առանձին տառերից: Դա հաջողվեց գերմանացի գյուտարար Գուտենբերգին: 1450 թ-ին նա սովորական ձիթհան մամլիչը վերածեց տպագրական հաստոցի և հարմարեցրեց տպագրության համար: Բայց գլխավորն այն էր, որ նա հայտնագործեց այնպիսի տպաձև, որը հնարավորություն էր տալիս ստանալ բնագրի՝ ցանկացած քանակության տպագրված օրինակներ (տպածոներ): Այդ տպաձևերը բաղկացած էին առանձին-առանձին տառամարմիններից, որոնք հեշտությամբ կարելի էր փոխարինել ուրիշներով: Տառամարմինը մետաղե փոքրիկ չորսու է, որի մի ծայրին տառի ուռուցիկ, ցցուն պատկերն է: Տպագրության ընթացքում տառի պատկերը ներկվում էր և արտատպվում թղթին:
Գյուտն արագորեն տարածվեց աշխարհում: XV դարի վերջին արդեն գրքեր էին տպագրվում Եվրոպայի տասնյակ քաղաքներում: Գյուտից ընդամենը մի քանի տասնամյակ անց հայերն սկսեցին Գուտենբերգի եղանակով գրքեր տպագրել: Հայկական տպագրության հիմնադիրը Հակոբ Մեղապարտն է, ով 1512թ-ին լույս ընծայեց հայերեն առաջին տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը»:
Երկրորդ հայ տպագրիչն Աբգար Թոխաթեցին է: Նա 1560-ական թվականներին նախ` Վենետիկում, ապա` Կոստանդնուպոլսում տպագրեց մի շարք գրքեր, այդ թվում՝ «Փոքր քերականություն կամ Այբբենարան» խորագիրը կրող հայերեն առաջին տպագիր այբբենարանը:
Աբգար Թոխաթեցուց հետո Իտալիայում տպագրությամբ էին զբաղվում նրա որդի Սուլթանշահը և տպագրիչ Հովհաննես Տերզեցին:
XVII դարում հայկական տպագրություն հիմնվեց նաև այլ քաղաքներում՝ Լվովում (Ուկրաինա), Նոր Ջուղայում (Իրան), Ամստերդամում (Նիդեռլանդներ): Նոր Ջուղայում գիտնական Խաչատուր Կեսարացին և նրա օգնականներն ինքնուրույն պատրաստեցին հայկական տառամայր ու մեքենա և 1638 թ-ից սկսեցին հրատարակել  մեսրոպատառ գրքեր:
Հատկապես կարևոր էր Ամստերդամի հայկական տպագրությունը: Այստեղ հայ տպագրիչների մի ամբողջ խումբ էր գործում՝ Ոսկան Երևանցու ղեկավարությամբ: Հետո նրանք փոխադրվեցին Ֆրանսիայի Մարսել քաղաքը: 26 տարվա ընթացքում՝ 1660–86 թթ-ին, նրանք տպագրեցին այբբենարաններ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը», «Արհեստ համարողության» առաջին աշխարհաբար գիրքը, առաջին տպագիր Աստվածաշունչը, որը 1222-էջանոց հսկա, պատկերազարդ գիրք է: Ոսկան Երևանցին առաջինն էր, որ տպագրեց բարձրորակ ու բազմաթիվ հայերեն գրքեր:
260 տարի հայկական տպագրությունը մնաց օտարության մեջ, որովհետև Հայաստանում նրա արմատավորման համար պայմաններ չկային: Եվ միայն 1771 թ-ին տպարան հիմնվեց Էջմիածնում և տպագրվեց առաջին գիրքը Հայաստանում: 1820-ական թվականների կեսերին հիմնվեց Շուշիի տպարանը: 1876 թ-ին հայկական տպագրությունը մուտք գործեց Երևան և Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի): 1920-ական թվականներից հայկական տպագրության կենտրոնն աստիճանաբար դարձավ Երևանը: Ներկայումս տպարաններ են գործում մեր երկրի բոլոր մեծ ու փոքր քաղաքներում: Հայերեն գրքեր ու պարբերականներ են տպագրվում նաև հայկական սփյուռքում:
 
Տպագրության ընթացքը
Տպագիր նյութերը հիմնականում բաղկացած են տեքստերից ու պատկերազարդումներից:
Ներկայումս տեքստը սովորաբար հավաքվում է համակարգչով, որի էլեկտրոնային հիշողության մեջ պահվում են տարբեր պատկերներով և չափերով մուտք արված բոլոր տեսակի տառաշարերի բնագրերը: Երբեմն նման եղանակով պահվում են նաև գեղարվեստական պատկերազարդումներ և լուսանկարներ:
Ձևավորողները համակարգչով մակետավորում են և տեքստն ու նկարները տեղադրում են էջում :
Էջի պատրաստի մակետը պահվում է համակարգչի հիշողության մեջ և օգտագործվում լուսատպաձևի պատրաստման համար: Համակարգիչը կարող է նաև այդ նյութերը տպագրել հատուկ թղթի վրա և պատկերազադման նյութի հետ օգտագործել պատրաստի բնագիրը՝ տպագրության բնօրինակ ստանալու համար:
 
Տպաձևեր
Տպագրությունն սկսելուց առաջ տպագրության բնօրինակն անհրաժեշտ է վերածել տպաձևի, որը սովորաբար պատրաստում են մետաղաթիթեղից: Տպաձևը լուսազգայուն նյութով պատած թիթեղ է: Ժապավենը պատճենահանելու եղանակով պատկերը   լույսի միջոցով տպագրության բնագրից փոխադրում են տպաձևի վրա: Այնուհետև տպաձևը լվանում են, որից նրա` լույսից փակ հատվածները լվացվում-մաքրվում են, և բնագրի պատկերն անցնում է այն հատվածների վրա, որտեղ նեգատիվի միջով ընկել է լույսը: 
Տպատառերը միշտ սև են լինում, իսկ սև-սպիտակ լուսանկարների և պատկերների համար պահանջվում է երանգային աստիճանավորում՝ սևից մինչև թույլ մոխրագույնը: Երանգների կիսատոներն ստացվում են պատկերը բազմաթիվ փոքրիկ կետերի՝ պատկերացանցի (ռաստր) վերածելու եղանակով: Գունավոր տպագրությունը կատարվում է նույն սկզբունքով. կարմիր, դեղին, կապույտ և սև գույների համար պատրաստում են տպաձևեր և իրականացնում են վերը նշված տպագրական գործողություններն առանձին-առանձին և հաջորդաբար: Պատկերների մյուս բոլոր գույները տպվում են այս գույների համադրություններով: 
 
Տպագրության եղանակներ
Ներկայումս տարածված են տպագրության երկու հիմնական՝ օֆսեթ և խորը եղանակները: Երրորդը բարձր տպագրությունն է, որի դեպքում ստացվում է ցցուն տարրերով պատկերի արտատիպ: Երկար ժամանակ սա տպագրության հիմնական եղանակն էր, սակայն ներկայումս հազվադեպ է օգտագործվում:
Օֆսեթ տպագրությունն ամենատարածված եղանակն է, որի դեպքում տպաձևի վրայի պատկերը լիարժեք հաղորդում է բնագրի բոլոր տառերը, պատկերազարդումը և լուսանկարները: Օֆսեթ տպագրության տպաձևերը սովորաբար պատրաստվում են ալյումինից, որը հեշտությամբ դառնում է գլանաձև: Տպագրության ժամանակ պատկերը տպաձևից փոխանցվում է ռետինե գլանիկի, այդտեղից՝ թղթի վրա: Օֆսեթ եղանակը հնարավորություն է տալիս տպագրել նաև թղթի հսկա գլանափաթեթների վրա՝ րոպեում ավելի քան 500 մ արագությամբ:
Խորը տպագրության եղանակի տպաձևերի մակերևույթի վրա կան դեպի ներս խորացող փոքրիկ փոսիկներ: Այդ պատճառով տառամայրերի (մատրիցաներ) պատրաստումը չափազանց թանկ է, ուստի այս եղանակն օգտագործվում է միայն բազմատպաքանակ արտադրանք՝ ամսագրերի շապիկներ կամ փաթեթավորումներ տպագրելու համար:
 
Նկարչական տպագրություն
1400-ական թվականների սկզբներին արտատիպ ստանալու նպատակով նկարիչներն սկսեցին փորձարկել տարբեր եղանակներ: Նրանք փայտե  հարթ տախտակի վրա փորագրում էին նկարը,  այն ծածկում էին ներկով և թուղթն ամուր սեղմում էին վրան: Այս եղանակով ստացված պատկերն անվանեցին փորագրանկար կամ արտատիպ: 1400-ական թվականների կեսին հայտնագործվեց նրբագծային փորագրանկարի տեխնիկան, երբ նկարը փորագրվում էր մետաղե (սովորաբար՝ պղնձե) թիթեղի վրա, և փոքրիկ նրբագծերով հաղորդվում էին նկարի ամենամանր տարրերը: Գունավոր պատկերի դեպքում փորագրանկարները կատարվում էին յուրաքանչյուր գույնի համար առանձին պատրաստված մի քանի նույնական տպաձևերով (կլիշեներ): Մետաղի և փայտի փորագրանկարների մեծագույն վարպետ էր գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերը (1471–1528թթ.):
Տպագրության հատուկ տեխնիկայի՝ օֆորտի դեպքում նկարիչը նկարն ասեղով փորագրում է մոմի բարակ շերտով պատած պղնձե թիթեղի վրա: Այնուհետև թիթեղը խածատում են թթվով, որը կերամաշում է մետաղի մոմազուրկ մասերը: Պատկերը տեղափոխվում է տառամայրի վրա, որից ստանում են արտատիպը: Օֆորտի խոշոր վարպետ էր հոլանդացի նկարիչ Ռեմբրանդը (1606–69թթ.):
 


Աղբյուրը: http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=818
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Արայ (28.07.2014)
Դիտումներ: 588 | Տեգեր: Հայկական Հանրագիտարան ՄԵՐ ՄԱՍԻՆ ՀԱՆ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar