Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

Թուղթ

Թուղթը բուսական թելերից բաղկացած բարակ թերթանման նյութ է:

Թղթի արտադրությունը բաղկացած է մի շարք հաջորդական փուլերից` թղթազանգվածի պատրաստում, սպիտակեցում, թուղթ պատրաստող մեքենայով մշակում և փաթաթում:
Թղթազանգված պատրաստելու համար փայտանյութը ենթարկում են մեխանիկական և քիմիական մշակման: Բարձրորակ մակերևույթով թուղթ ստանալու համար թղթազանգվածին ավելացնում են օսլա, հանքային նյութեր և կավ, թղթի վրա թանաքի ու ներկերի տարածումը կանխելու համար՝ սոսնձող նյութեր, թղթի ամրությունը մեծացնելու համար՝ սինթետիկ խեժեր, գունավորման համար՝ ներկանյութեր: Համասեռ և խոնավ թղթազանգվածը մշակվում է թուղթ պատրաստող մեքենայով. մանր անցքերով երկար ցանցի վրա փռված թղթազանգվածը ջրազրկվում է, մամլվում, արդուկվում ծանր ու տաք թմբուկներով և վերածվում ստվար ու հարթ թղթի:


Թուղթ կարելի է ստանալ նաև արդեն գործածված թղթից՝ թղթաթափոնից. ջրում թրջելիս այն տրոհվում է բաղկացուցիչ մանրաթելերի: Թղթաթափոնից ստացված թուղթը կարելի է վերամշակել մի քանի անգամ: 
Հայտնի է թղթի 600 տեսակ. տպագրական, գեղազարդիչ, զտիչ, կավճապատ, պարաֆինապատ, հիգիենային, կպչուն, պատճենահանման, տեխնիկական, լուսազգայուն և այլն:
Թուղթն օգտագործում են տպագրության, գրելու, նկարելու, փաթեթավորման, ջերմա- և էլեկտրամեկուսացման, տոպրակներ, պաստառներ, ստվարաթուղթ, պարաններ և նույնիսկ մեքենաների ատամնանիվներ պատրաստելու համար:
Թղթի ստացման պատմությունից


Ժամանակակից թղթի նախատիպը եղել է հին եգիպտացիների մ. թ. ա. III հազարամյակի սկզբին պապիրուսից պատրաստած նյութը: Նրանք պապիրուսի ցողունի միջուկից կտրած երկայնական շերտերը դասավորում էին իրար կողքի, սոսնձում, ստացված «թղթերը» հարթեցնում և չորացնում էին արևի տակ: 
Ասորեստանցիները գրում էին կավե սալիկների, հայերը՝ մագաղաթի, ռուսները՝ կեչու կեղևի վրա:
Թղթի պատրաստման եղա նակը հայտնագործվել է Չինաստանում դեռևս մ.թ.ա. II դարում, որը երկար ժամանակ չինացիները գաղտնի էին պահում: Նրանք թուղթը պատրաստում էին հնդկեղեգի (բամբուկ) մանրաթելերից: Թուղթը Հայաստանում գործածվել է VIII–IX դարերից, Եվրոպայում՝ X դարից: XIII–XIV դարերում թղթի արտադրության տեխնոլոգիայի տարածման համաշխարհային կենտրոն դարձավ Սամարղանդը, որը գտնվում էր Չինաստանից Եվրոպա տանող ճանապարհին: Թղթի արտադրության առաջին ֆաբրիկան Ռուսաստանում կառուցվել է 1655 թ-ին: Թղթի ռուսերեն անվանումը (ոցՎՈչՈ) ծագել է իտալերեն bambagia (բամբակ) բառից, քանի որ սկզբում թուղթ պատրաստում էին բամբակի մանրաթելերից: Միայն XIX դարում մարդիկ սկսեցին թուղթ պատրաստել փայտից, որի հիմնական բաղադրամասը թաղանթանյութն է:
Աշխարհում թղթի 25%-ը ստացվում է թղթաթափոնից: 1 տ թղթաթափոնի օգտագործումը հնարավորություն է տալիս պահպանելու նվազագույնը 2 ծառ: 
 

Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Արայ (17.07.2014)
Դիտումներ: 391 | Տեգեր: Թուղթ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar