Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Ռալֆ Յիրիկյանը հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հազվագյուտ նմուշ է նվիրել Մատենադարանին
Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ Մատենադարանի հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայերեն Աստվածաշնչի եզակի օրինակովՀայաստանի առաջատար բջջային կապի օպերատորի գլխավոր տնօրենի նվիրատվության շնորհիվ Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հարուստ հավաքածուն համալրվել է տպագիր առաջին հայերեն Աստվածաշնչի եզակի օրինակով:
Ոսկան Երևանցու` բացառիկ արժեք ներկայացնող Աստվածաշունչը տպագրվել է 1666 թվականին` Ամստերդամում: Գրատպության այս շքեղ օրինակը տարիներ շարունակ եղել է արտասահմանյան մի մասնավոր հավաքածուի մասը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի նվիրատվության շնորհիվ այն այժմ մայր ձեռագրատանն է և առանձնահատուկ փայլ կհաղորդի Մատենադարանի ցուցադրությանը: Պատմամշակութային մեծ արժեք ունեցող այս հատորը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում. Ոսկան Երևանցին այն նվիրել է հայ տպագրության ակունքներում կանգնած Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսին: Աստվածաշունչ մատյանի այս օրինակը 1668 թ.-ից ունի արծաթե ընտիր կազմ, որը հայկական արվեստի և պատկերագրության եզակի նմուշ է: Հայկական արծաթագործության նշանավոր կենտրոններից մեկը հանդիսացող Էրզրումի դպրոցի վարպետ ոսկերիչներից մեկի ձեռքով պատրաստված կազմը արվեստի հրաշալի գործ է՝ փորագրության և դաջվածքի հմուտ մշակմամբ: Հայտնի է, որ կազմը պատրաստող վարպետը տիրապետել է և´ ոսկերչական նրբագույն արվեստին, և´ մանրանկարչությանը, և, որ ավելի կարևոր է` աստվածաբանական իմացություն է ունեցել, ինչի շնորհիվ կատարելության է հասցրել այս սքանչելի ստեղծագործությունը: Կազմի երեսին պատկերված է Ավետման տեսարանը, իսկ դարձերեսին` Համբարձման: Գրքի բացվող հատվածում պատկերված են չորս ավետարանիչները` իրենց խորհրդանշաններով: «Հավանաբար, չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ Մատենադարանը մեզ համար ունի նույն խորհուրդը, ինչ բիբլիական Արարատը: Սա մի սրբավայր է, որը բնութագրում է մեր էությունը: Գրի և գրականության հանդեպ հայի սերն անսահման է: Ֆիզիկական բնաջնջման վտանգը նույնիսկ, պատվի և գոյության համար մարտնչող ժողովրդին հետ չի պահել կյանքի գնով գիրքը փրկելու վճռականությունից: Հայն իր ցավն ամփոփել է երգի, ստեղծագործության և աղոթքի մեջ`ամուր պահպանելով մշակույթը: Ուրախ եմ, որ իմ համեստ ներդրմամբ կարողացա օգտակար լինել Մատենադարանին»,- ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ ասել է Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրենը ևս մեկ անակնկալ է մատուցել՝ իր անձնական գրադարանից Աստվածաշնչի ևս երկու օրինակ հանձնելով Մատենադարանին: Դրանցից մեկը տպագրվել է 1854 թ., իսկ մյուսի տպագրության տարեթիվը կպարզեն մասնագետները՝ համապատասխան ուսումնասիրությունից հետո: Աղբյուրը: http://www.armenianow.com/node/45985 | |
Դիտումներ: 397 | | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |