Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները |
Գիրքը կազմված է բնագրից, տիտղոսաթերթից և կազմից. վերջինս երբեմն ունենում է նաև կազմաշապիկ։ Տիտղոսաթերթի վրա գրվում են հեղինակի անունը և գրքի վերնագիրը, հրատարակության վայրը և տեսակը, հրատարակչությունը, տպագրության տարեթիվը։ Գրքի սկզբնավորումը կապված է գրի ստեղծման հետ, որը մի քանի հազար տարվա պատմություն ունի։ Անցյալում բաբելացիները, ասորեստանցիները և այլ հին ժողովուրդներ գրել են հիմնականում կավե սալիկների վրա։ Պահպանվել է մ. թ. ա. III հազարամյակում սալիկների վրա գրված գեղարվեստական հնագույն՝ ասուրա-բաբելական «Գիլգամեշ» դյուցազներգությունը։ Այդ եղանակով կազմված գրքերից են ստեղծվել առաջին գրադարանները։ Չինաստանում գրել են հնդկեղեգից (բամբուկ) պատրաստված շերտիկների վրա և շարել ամուր թելի վրա։ Ավելի ուշ չինացիները գրել են մետաքսի, իսկ մ. թ. II դարից՝ թղթի վրա։ Հին Եգիպտոսում նախ գրել են կավե սալիկների, այնուհետև՝ պապիրուսի վրա, որը եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձած մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեն էր և պահվում էր գլանաձև փաթաթված։ Մ. թ. ա. II դարում Պերգամոն քաղաքում կենդանիների կաշվից պատրաստվել է նոր գրանյութ և քաղաքի անունով կոչվել պերգամենտ։ Այն մեզ հայտնի մագաղաթն է։ Մագաղաթե ամենահին ձեռագիրը Հոմերոսի «Իլիական» պոեմի՝ III դարում գրված մի հատված է։Մագաղաթը պապիրուսից ավելի ճկուն ու ամուր էր, հեշտությամբ ծալվում էր, իսկ ծալվածքի մասում թերթերը կարվում ու միացվում էին իրար։ Միջնադարում մագաղաթե թերթերն ամփոփվում էին կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմի մեջ։ Գրքի զարգացման և ժողովրդականացման խոշոր ազդակ էր 1447 թ-ին Յոհան Գուտենբերգի տպագրության գյուտը, որով դրվեց գրքի տպագրության հիմքը։ Հայաստանում թուղթը՝ որպես գրանյութ, օգտագործվել է VIII–IX դարերում։ Տպագրությունը XV դարում զգալիորեն խթանել է գրքի զարգացումն ու տարածումը։ Հայերեն առաջին գրքերը՝ ձեռագիր մատյանները, ստեղծվել են V դարում՝ հայոց գրի գյուտից հետո։ Պահպանված հնագույն ձեռագիր մատյանը VII դարում ստեղծված Վեհամոր Ավետարանն է։ Ձեռագիր մատյաններ ստեղծվել են մինչև XVIII դարի վերջը։ Թղթի վրա մեզ հասած առաջին ձեռագիր գիրքն ընդօրինակվել է 981 թ-ին։ Մինչև 1800 թ. տպագրված գրքերը կոչվում են հնատիպ։ Դրանք բազմաբովանդակ են, բայց գերակշռում են կրոնական բնույթի գրքերը։ Հրատարակվել են փոքր տպաքանակներով, մեծ մասամբ՝ կաշեպատ զարդարուն կազմերով։ Հայերեն հնատիպ գրքերի թիվը անցնում է 1000-ից։ 1801–50 թթ-ին հրատարակվել է մոտ 1700 անուն գիրք։ Ներկայումս Հայաստանում և տարբեր երկրներում ամեն տարի լույս են տեսնում հազարավոր հայերեն գրքեր։ Աղբյուրը: http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AB%D6%80%D6%84 | |
Դիտումներ: 1279 | | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |